ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներգետիկ ընկերությունների համար

Եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներգետիկ ընկերությունների համար
26.07.2025 | 17:02

Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:

Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց:

Պատճառը՝ Azeri Light տեսակի նավթի աղտոտվածության բարձր մակարդակն է, մասնավորապես՝ դրանում օրգանական քլորիդների առկայությունը, որոնք կարող են վնասել նավթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործվում են նավթի արդյունահանման ծավալների ավելացման համար:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի սեփականատեր BTC Co ընկերությունը հերքում է մեղադրանքները:

Հատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտվածության մասին առաջինը հայտարարել է BP-ն, որը 1994 թ. «դարի գործարքից» ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նավթագազային համալիրի ուղիղ շահառու (նույն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին):

Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնավորապես պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նվազում է, պետք չէ բացառել, որ այս ամենի ներքո շատ ավելի խորքային զարգացումներ են ընթանում:

Նախ՝ եվրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրահարույց է արևմտյան մի շարք էներգետիկ ընկերությունների համար: Նույն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը: Լինելով Եվրոպայում ադրբեջանական նավթի գլխավոր ներկրող՝ Իտալիան «կանաչ լույս» է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցվածքներում: Իրականում այստեղ առկա է մասնավոր-պետական հակադրման դրսևորում: Իտալիայի կառավարությունն ինտենսիվացնում է Բաքվի հետ էներգետիկ երկխոսությունը (ս.թ. հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական նավթի ներկրումն ավելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնավոր սեփականատերերը, որոնց պատկանում է ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ավելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանություններից՝ ի օգուտ իտալական ընկերության:

Միաժամանակ, ադրբեջանական նավթի կշռի շարունակական ավելացումը եվրոպական շուկայում հարվածում է նաև ԱՄՆ շահերին: Հիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու հատկապես Թրամփի օրոք Միացյալ Նահանգները կտրուկ ավելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ ՝ հիմնավորելով դա նաև որպես ՆԱՏՕ-ի կենսունակության ապահովման գործոն: Հենց եվրոպական էներգետիկ շուկան գրավելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպես նաև որդեգրեց ամերիկյան նավթագազային ընկերություններին բազմակողմանի աջակցման քաղաքականություն:

Ինչպե՞ս է Ադրբեջանի նավթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին:

Այս հարցին պատասխանելու համար պետք է տեղափոխվել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրույթ: Բրիտանական հատուկ ծառայությունների կողմից դե-ֆակտո կառավարվող BP-ի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակություն ունի ընկերության համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցությունը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիևյան կլանը փորձում է ավելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել՝ այլևս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպես դա արվում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում գերագնահատված է: Սրանով կարելի է բացատրել Բաքվի դեմ կիրառված «նավթային մահակը»՝ նավթային դոլարներից կախված Ադրբեջանը Թուրքիայի (հետևապես՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցության տիրույթ վերադարձնելուն, Ալիևին ավելի կանխատեսելի դարձնելուն (այդ թվում՝ Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի և այլ առանցքային խաղացողների հետ հարաբերություններում):

Ի դեպ, «նավթային մահակի» մասին. ս.թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նավթի ներկրումն Ադրբեջանից:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ